Սրճի սիրահա՞ր ես: Պարզվում է, գոյություն ունի հատուկ օր, երբ նշվում է սուրճի տոնը, ի ուրախություն սուրճի բոլոր սիրահարների 🙂 Այն այդպես էլ կոչվում է` Սուրճի համաշխարհային օրն է (International Coffee Day):
Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը 4-ի բերքը։
Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը, մոտավորապես 850 թվականին: Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա: Այդ բույսի տերևներն ուտելով` կենդանիները սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել 🙂 Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է այդ տերևները և զգում է դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։
Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։
Ի դեպ, գիտնականները պարզել են, որ սուրճը, չափավոր քանակով օգտագործման դեպքում, նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Լավագույն տարբերակն օրական 2-3 բաժակ սուրճն է:
Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի ու աղեստամոքսային տրակտի վրա (եթե իհարկե, չկան հատուկ հակացուցումներ):
Շնորհիվ օրգանիզմում լավ տրամադրություն ապահովող հատուկ նյութերի արտադրության՝ այս ըմպելիքն օգնում է ազատվել սթրեսից, բարելավում է տրամադրությունն ու բարձրացնում աշխատունակությունը:
Սակայն հարկ է նշել, որ անհրաժեշտ է խմել բնական բարձրորակ սուրճ, քանի որ լուծվող սուրճի մեջ շատ քիչ քանակությամբ օգտակար նյութեր կան 🙁
Կազմեց @Lia Saiyan