Սեպտեմբերի 26-ին նշվեց բեղմնականխման միջազգային օրը: Հատուկ այդ օրվա կապակցությամբ EngenderHealth կազմակերպությունը որոշեց հիշել հակաբեղմնավորման պատմության մեջ ամենաանհաջող մեթոդների մասին:
EngenderHealth հասարակական կազմակերպությունը, որ սկսել էր իր գործունեությունը դեռ 1937 թվականին և աշխատում է կանանց սեռական և վերարտադրողական առողջության բնագավառում, անդրադարձավ պատմության մեջ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ամենավատ միջոցներին: Այդ նպատակով կազմակերպության ներկայացուցիչները ստեղծել են մի տեսահոլովակ, որտեղ թվարկվում են անսովոր, տարօրինակ և նույնիսկ վտանգավոր հակաբեղմնավորիչ միջոցներ, որոնք կիրառվել են մեր նախնիների կողմից:
Այսպես, մ.թ.ա. 3051 թվականին հին եգիպտացիները որպես սերմնասպան միջոց (նյութ, որը քայքայում է սերմնաբջիջները` ներմուծվելով հեշտոց սեռական հարաբերությունից առաջ) օգտագործում էին կոկորդիլոսի թրիքը խառնած մեղրի հետ: Նրանք համոզված էին, որ այդ նողկալի խառնուրդը կարող է կանխել անցանկալի հղիությունը:
Միջնադարում եվրոպացի կանայք մտածում էին, որ կարող են կանխել հղիությունը սեռական հարաբերությունից առաջ ոտքին կապելով աքիս կենդանու ամորձիները:
1600 թվականներին ֆրանսիացի կանայք որպես բերանացի ընդունման հակաբեղմնավորիչ օգտագործել են սոխի հյութը, Կանադայում` 1534 – 1760թթ.-ին խմում էին մի բաժակ տնական օղի` կուղբ կենդանու չորացած ամորձիների փոշիով: Սակայն, ծնելիության կարգավորման ամենատոքսիկ մեթոդը կիրառվել է Հին Հունաստանի կանանց կողմից` ջուր կապարի հետ:
1800-ական թվականներին եվրոպացի կանայք անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար հեշտոց էին մտցնում տարօրինակ բաներ, ինչպես, օրինակ, մետաղական մատնոցներ:
Բացի այդ, նախկինում եղել են նաև պահպանակներ, որոնք պատրաստվում էին խոզի աղիքից: Դրանք, ի դեպ, օգտագործվել են մի քանի դարերի ընթացքում:
Եվ վերջում, համեմատաբար «նոր» մի մեթոդ, որը հիշատակվում է տեսահոլովակում, 1960-ական թվականներին ամերիկացի կանայք սեռական հարաբերությունից հետո լվացում էին անում կոկա-կոլայով: Սակայն, նկատի՛ ունեցիր, որ դա չաշխատեց, այսինքն, արդյունավետ չէր:
Ուրեմն, եկե՛ք չկրկնենք հին սխալները և օգտագործենք միայն ստուգված, ժամանակակից և արդյունավետ հակաբեղմնավորման մեթոդներ: 🙂
Իսկ ժամանակակից, հուսալի մեթոդների մասին կարդացեք մեր հոդվածներում:
Լուսանկարը գտել ենք այստեղ: