Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից

Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր, ինչպես նաև նյութափոխանակության վրա ազդող տարբեր հավելումներ (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։
Կոֆեինի բարձր պարունակության պատճառով էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի խթանիչ ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքներում պարունակվող կոֆեինն ավելի արագ են ազդում, և արդյունքում դրանք պոտենցիալ վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Էներգետիկների մեջ պարունակվող կոֆեինը շատ արագ է ազդում, ակտիվացնելով ուղեղի և սրտի աշխատանքը, ինչի շնորհիվ մենք դառնում ենք ավելի առույգ և ակտիվ։ Սակայն այդ ազդեցությունը կարճատև է, և ցանկություն է առաջանում ընդունել խմիչքի նոր չափաբաժինը։ Ապացուցվել է էներգետիկների անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, արյան ճնշման բարձրացում, անհանգստություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն, գլխացավ և այլ խանգարումներ, ընդհուպ մինչև սրտի ռիթմի խանգարում։ 🙁
Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր քանակով վտանգավոր չէ։ Ինչևէ, պետք է իմանալ, որ էներգետիկ ընպելիքներն առաջացնում են կախվածություն։
«Էներգետիկ» տերմինը մոլորեցնող է․ երիտասարդը կարծում է, որ խմում է անվտանգ, նորաձև, գեղեցիկ փաթեթավորված մի ըմպելիք, որ էներգիա է տալիս։ Սակայն անվտանգության վերաբերյալ արտադրողների պնդումները ճիշտ չեն։
Նաև էներգետիկ ըմպելիքները պետք չէ շփոթել սպորտային ըմպելիքների հետ (օգտագործվում եմ մարզիկների կողմից կորցրած հեղուկը, միներալները և շաքարը արագ վերականգնելու համար)։
Ավելացված շաքարի քանակը էներգետիկ ըմպելիքներում ևս բավականին բարձր է (մինչև 10-14 թեյի գդալ) 🙁 Մյուս բաղադրիչների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռ լավ ուսումնասիրված չէ։
! Հատկապես վնասակար է էներգետիկ ըմպելիքների զուգակցումը ալկոհոլի հետ։ Այս պարագայում ալկոհոլի ազդեցությունը դառնում է ավելի ուժեղ, մարդը ավելի շուտ է կորցնում ինքնատիրապետումը, կարող է ունենալ սրտխառնոց, գլխապտույտ և արագ վատանալ։
Կազմեց՝ Ե․Մովսեսյան
Նյութի աղբյուր՝
https://www.cdc.gov/healthyschools/nutrition/energy.htm
https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC4682602/