Նախնական տեղեկատվություն ՄԻԱՎ-ի մասին
Երիտասարդները մշտապես նոր զգացողությունների փնտրտուքի մեջ են: Սակայն պետք է անկեղծ ասել, որ փորձարկումները միշտ չէ, որ անհետևանք են մնում: Խոսքն այս պահին չի գնում ծնողին խելագարության հասցնող արտասովոր մազերի գույնի կամ գիշերը ծածուկ ակումբ գնալու մասին: 🙂 Ո՛չ, հիմա մենք խոսելու ենք ավելի լուրջ թեմայի՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հնարավորության մասին:
Բնականաբար քո առաջին ռեակցիան կլինի «Իսկ ընդհանրապես ինչի՞ն է պետք այդ մասին խոսելը: Ինձ հետ հաստատ նման բան չի պատահի»: Իրականում հիանալի է, եթե այդպես ես կարծում, բայց նման բան կարող է պատահել քո հարազատի, ընկերոջ կամ ծանոթի հետ: Իսկ միգուցե քո շրջապատում արդեն կա մեկն, ով ՄԻԱՎ վարակակիր է: Ինչպե՞ս վերաբերվել նրան. վախենա՞լ, խուսափե՞լ նրանից, թե՞ լինել տեղեկացված ՄԻԱՎ-ի մասին և վստահ շարունակել շփումը: Այս նյութով մենք փորձել ենք տալ ՄԻԱՎ-ին առնչվող ամենակարևոր հարցերի պատասխանները: Չէ՞ որ հայտնի թևավոր խոսքն ասում է. «Եթե նախազգուշացված ես, ուրեմն զինված ես»:
Թարմացնում ենք գիտելիքները
Հավանաբար արդեն գիտես, որ ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուս է, որն առաջացնում է քրոնիկ, երկարատև ինֆեկցիոն հիվանդություն, որն էլ հենց կոչվում է ՄԻԱՎ վարակ:
Երբ այս վիրուսը դեռ բավականաչափ ուսումնասիրված չէր, առաջ էին քաշվում դրա ծագման զանազան տարբերակներ: Որոշ գիտնականներ պնդում էին, որ ՄԻԱՎ-ը ռազմական նպատակներով ստեղծված բակտերիոլոգիական զենք է, մյուսներն ապացուցում էին, որ դա երկնային ծագում ունի, իսկ առաջացման աղբյուրը այլմոլորակայիններն են:
Այսօր գիտնականների մեծամասնության կարծիքով ՄԻԱՎ-ը կապիկների իմունային անբավարարության վիրուսից է առաջացել: Արևմտյան Աֆրիկայի բնիկները վարակվել են այս վիրուսով սննդի մեջ կապիկի միս օգտագործելու հետևանքով: Իսկ «անհայտ» վարակի առաջին դեպքն արձանագրվել է …
Եթե քեզ հետաքրքրեց, ապա կարող ես դիտել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատմության կարճ տեսահոլովակը:
Ինչպե՞ս է տարածվում ՄԻԱՎ-ը: Ոմանք պնդում են, որ ՄԻԱՎ-ը տարածված է օդում, սակայն դա այդպես չէ:
- վարակված արյուն, որը կարող է լինել չախտազերծված ասեղի, ներարկիչի, ածելիի վրա, կամ արյան փոխներարկման դեպքում,
- չպաշտպանված սեռական հարաբերություն (առանց պահպանակի),
- ՄԻԱՎ-ով հիվանդ մորից պտղին՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ժամանակ:
Ինչ էլ որ լսես ընկերներից կամ ծանոթներից, հիշի՛ր, որ ՄԻԱՎ-ը երբեք չի փոխանցվում հետևյալ դեպքերում.
- փռշտոց, հազ,
- համբույր, ձեռքսեղմում, գրկախառնություն,
- թուք, քրտինք և արցունք,
- համատեղ լոգարան, զուգարան, լողավազան,
- ընդհանուր սպասք, սնունդ, խմիչք,
- միջատների խայթոց:
Եթե ընկերոջդ կամ ընկերուհուդ մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել, ապա դա պատճառ չէ նրա հետ հարաբերությունները խզելու համար: Ճիշտ հակառակը. քո խնդիրը նման դեպքում պետք է լինի նրան աջակցելը և մյուսներին ցույց տալը, որ ՄԻԱՎ-ը չի խանգարում ընկերությանը: Մանրամասների համար կարդա «Ընկերություն առանց խոչընդոտների» նյութը:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն
Մարդու արտաքինից չի երևում ՄԻԱՎ վարակակիր լինելը | +> |
---|---|
ՄԻԱՎ վարակի առկայության մասին հնարավոր է իմանալ միայն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու արդյունքում:
Ամենատարածված մեթոդը՝ իմունոֆերմենտային անալիզը բացահայտում է արյան մեջ ՄԻԱՎ-ի դեմ արտադրվող հակամարմինների առկայությունը: Իսկ դրանք վարակակրի օրգանիզմում արտադրվում են վարակի ներթափանցումից հետո 1-3 ամիսների ընթացքում: Այդ իսկ պատճառով այս հետազոտությունն անհրաժեշտ է իրականացնել ենթադրվող վարակման պահից, այսինքն՝ ռիսկային վարքագիծ դրսևորելուց մի քանի ամիս անց:
Գոյություն ունի նաև մեկ այլ մեթոդ (պոլիմերազային շղթայական ռեակցիա`ՊՇՌ), որի օգնությամբ հնարավոր է գրեթե անմիջապես որոշել վարակի առկայությունը արյան մեջ: Դրա համար երակից վերցվում է ոչ մեծ քանակությամբ արյուն, իսկ հետազոտության արդյունքը պատրաստ է լինում մի քանի օր անց:
Իսկ էքսպրես թեստի միջոցով հնարավոր է ՄԻԱՎ-ի դեմ արտադրվող հակամարմիններ հայտնաբերել թքի կամ մատից վերցված մի կաթիլ արյան մեջ, որի պատասխանը պատրաստ է լինում 20-30 րոպե անց:
Հիշի՛ր, որ հետազտոտության արդյունքները պետք է հաղորդվեն միայն քեզ անձամբ:
Եթե հայտնվել ես ՄԻԱՎ վարակման վտանգ պարունակող իրավիճակում, անհրաժեշտ է անհապաղ հետազոտվել: Հնարավոր է, որ ՄԻԱՎ վարակակրի մոտ երկար ժամանակ (մինչև մի քանի տարի) ի հայտ չգան հիվանդության ախտանշաններ:
ՁԻԱՀ | +> |
---|---|
ՄԻԱՎ-ի թակարդ
Բարեբախտաբար, ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից: ՄԻԱՎ-ով վարակումից ոչ միայն հնարավոր է զգուշանալ, այլ նաև արդյունավետ կանխել դրա զարգացումը: Իսկ հիմա՝ ամեն ինչ հերթով: ՄԻԱՎ-ով վարակումից խուսափելու համար պետք է.
- հավատարիմ մնալ զուգընկերոջը, ով ՄԻԱՎ վարակակիր չէ, և ինքն էլ, իր հերթին, հավատարիմ է քեզ:
- Օգտագործել պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ:
- Պաշտպանվելու հնարավորություն չունենալու դեպքում ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից:
- Չօգտագործել ներարկվող թմրանյութեր:
- Չօգտագործել ուրիշի ածելին, ատամի խոզանակը, մատնահարդարման պարագաները:
- Օգտագործել միայն ախտազերծված բժշկական գործիքներ (ասեղներ, ներարկիչներ) և այլ կտրող, ծակող իրեր:
Հակառետրովիրուսային թերապիան ժամանակին սկսելը զգալիորեն վերականգնում է դիմադրողականությունը, դանդաղեցնում է ՄԻԱՎ վարակի զարգացումը, ինչն էլ երկարացնում է վարակակրի կյանքը և դարձնում այն ավելի լիարժեք: Ավելին, անհավատալի է, սակայն ճիշտ բուժման պարագայում ՄԻԱՎ վարակակիր ծնողներից կարող է առողջ երեխա ծնվել: Որպեսզի վարակը չփոխանցվի երեխային, վարակակիր հղի կնոջը, ինչպես նաև հետագայում երեխային, նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, իսկ կրծքի կաթը փոխարինվում է արհեստական կաթնախառնուրդներով:
Հիմա դու հստակ գիտես, թե ինչ է ՄԻԱՎ-ը, ինչպես է այն տարածվում և ինչով է այն վտանգավոր: Նաև գիտես, որ ՄԻԱՎ վարակակիրը առողջ մարդկանցից ոչնչով չի տարբերվում: ՄԻԱՎ վարակակիրների աշխատելու, սովորելու, բժշկական օգնություն ստանալու, պարզապես կյանքով ուրախանալու և ՄԻԱՎ-ի խնդրի հանդեպ մարդկանց ուշադրությունը հրավիրելու համար յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, աշխարհով մեկ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր | +> |
---|---|
Նկարը այս հոդվածի համար գտել ենք այստեղ: