Քո ելքը
Երբ նայում ես քո սիրած դերասաններին, երգիչներին կամ այլ աստղերին, հազվադեպ ես հիշում, որ… նրանք «փայլուն» տեսք ունենալու և ֆոտոգենիկ լինելու համար շատ ժամանակ են ծախսում:
Չէ՞ որ իրականում գեղեցկությունը կախված է ոչ միայն բնական տվյալներից, այլ նաև ինքնազգացողությունից և մի շարք այլ բաներից: Մի պարզ օրինակ. սարսափելի ցավում է գլուխդ կամ փորդ: Դժվար թե կարողանաս ցուցադրել քո երջանկությունդ և զարմացնել գեղեցկությամբ: Կամ, օրինակ, եթե ատամներդ մաքրում ես ընդամենը շաբաթը մի քանի անգամ, արդյո՞ք կարելի է երազել «հոլիվուդյան» ժպիտի մասին:
Բայց փաստը մնում է փաստ: Երբ մենք երիտասարդ ենք, մեզ համար հատկապես կարևոր է ուշադրություն գրավել, գեղեցիկ երևալ և դուր գալ հակառակ սեռի ներկայացուցիչներին: Գուցե դա կյանքում ամենակարևորը չէ, բայց հաստատ շատ դուրեկան է: Իսկ օրգանիզմն այդ պահին, ցավոք, նոր «անակնկալ» է մատուցում. ճակատին պզուկ է հայտնվում հենց ժամադրությունից առաջ, կամ էլ նոր հագուստի մեջ ոչ մի կերպ չես մտնում: Եվ ինչպե՞ս կարող ես այս դեպքում վստահ զգալ քեզ:
Մենք փորձեցինք առանձնացնել հիմնական խնդրահարույց հարցերը և ելք գտնել դրանց լուծմանը: Փորձե՞նք:
Հոտ
Որքան էլ տարօրինակ թվա` քո կերպարի հիմնական բաղադրիչներից մեկն անտեսանելի է, սակայն ազդում է քո նկատմամբ շրջապատի վերաբերմունքի վրա: Մարդիկ հակված են չընդգծել դրա կարևորությունը, սակայն բուրմունքը կարող է բարձրացնել մեր տրամադրությունը (հարկավոր է չչարաշահել, որպեսզի շրջապատը չխեղդվի 🙂 ) և հակառակը` վանել ինչ-որ մեկի հետ շփվելուց:
Բոլորովին պարտադիր չէ օգտագործել շատ թանկ օծանելիք: Բավական է պահպանել հիգիենայի կանոններ, լվացվել օճառով, մաքրել ատամները, ժամանակին փոխել ներքնազգեստը, գուլպաները և հագուստը, և նման խնդիր չի առաջանա:
Եթե դու հետևում ես բոլոր կանոններին, իսկ տհաճ հոտը, օրինակ` բերանից չի վերանում, անհրաժեշտ է դիմել բժշկի` հնարավոր հիվանդությունը ախտորոշելու և խնդիրը վերացնելու նպատակով:
Մարմնակազմություն
- Ավելի առնական տեսք ունենալու նպատակով, տղաները հաճախ սկսում են մարզվել մարզասրահում: Որպեսզի մարզումները դրական արդյունք տան, ավելի լավ է խորհրդակցել մարզչի հետ. նա կհուշի, թե յուրաքանչյուր մկանային խումբ ինչպես պետք է մարզել, որպեսզի մարմինն առավել գեղեցիկ դառնա:
- Աղջիկներին սկսում է անհանգստացնել մարմնի քաշը, քանի որ դեռահաս տարիքում ճարպային բջիջների քանակը և մարմնի մկանային զանգվածը ավելանում են, աղջիկների մոտ լայնանում են կոնքերը, կազմվածքը դառնում է ավելի կանացի:
Կրկին մարմնի քաշի մասին
Գեղեցկության չափանիշները | +> |
---|---|
- Գիրանալու վախից աղջիկներից շատերը «դիետա» են պահում, չնայած իրականում ավելորդ քաշ չունեն: Յուրաքանչյուր կալորիան հաշվելը, սիրած ուտելիքից հրաժարվելն ու գիշերը դրա մասին երազելը սթրես է օրգանիզմի համար: Ի պատասխան նման արհեստական «սովի»՝ օրգանիզմն ավելի շատ քաշ կկուտակի պաշտպանվելու նպատակով:
- Երբեմն գիրության պատճառ է հանդիսանում ֆիզիկական ակտիվության պակասը: Անհրաժեշտ է ավելի շատ շարժվել, մարզվել. դա կօգնի ամրացնել մարմնի որոշ մկաններ և նվազեցնել քաշը:
- Չափազանց խիստ մտահոգությունը սեփական քաշի մասին կարող է առաջացնել առողջական խնդիրներ, նպաստել անորեքսիայի զարգացմանը (այդ մասին կարդա Սննդային վարքագծի խանգարումներ հոդվածում): Եթե դու կարծում ես, որ քո վերաբերմունքը սննդի հանդեպ «խանգարում է ապրել», անհրաժեշտ է դիմել բժիշկ-մասնագետի օգնության:
- Մի′ օգտվիր քաշի նվազեցման տարօրինակ խորհուրդներ պարունակող վեբ-կայքերից: Դրանք քո առողջությանը մեծ վտանգ կարող են պատճառել: Դիմի′ր համապատասխան մասնագետի:
Մազերի վիճակը
Գեղեցիկ, լավ խնամված մազերը քո կերպարի կարևոր տարրն է: Այնպես որ շատ կարևոր է ժամանակ ծախսել դրանց խնամքի վրա:
- Հասունացման ընթացքում ճարպագեղձերի աշխատանքն ակտիվանում է, հետևաբար՝ մազերն ավելի արագ են կեղտոտվում: Դժվար է ասել, թե շաբաթական քանի անգամ պետք է լվանալ մազերը, քանի որ դա շատ անհատական է: Մի դեպքում անհրաժեշտ է գլուխը լվանալ երկու օրը մեկ, մյուս դեպքում՝ բավական է շաբաթը երկու անգամ: Կարևոր է թույլ չտալ, որ մազերդ կեղտոտ ու չսանրված լինեն:
- Մազերի փայլը, որակն ու ամրությունը բարելավելու բազմաթիվ միջոցներ կան՝ դիմակներ, կոնդիցիոներներ: Խորհրդակցիր ծնողներիդ կամ վարսահարդարի հետ, թե որ միջոցն է առավել արդյունավետ հենց քո վարսերին:
- Ընտրիր այնպիսի սանրվածք, որն առավելագույնս կընդգծի քո դեմքի առանձնահատկությունները: Սակայն կուրորեն մի հետևիր նորաձևությանը և ոչ մեկին մի կրկնօրինակիր: Այն, ինչ սազում է ուրիշին, գուցե ամենևին չգեղեցկացնի քեզ: Ավելի լավ է, խորհրդակցիր վարսավիրի հետ կամ նկարիր սանրվածքների մի քանի ձևեր և կցիր դրանք քո լուսանկարին, որպեսզի հասկանաս, թե որ տարբերակն է լավագույնս ընդգծում քո դեմքը: 🙂
Մազեր մարմնի վրա
Սեռական հասունացման շրջանում տղաների և աղջիկների մոտ մարմնի տարբեր մասերում առաջանում են մազեր: Սովորաբար, եթե պատանին սափրում է դեմքը, ընդունված է կարծել, որ նա սեռահասուն է: Բազմաթիվ երկրներում տարածված կարծիք կա, որ տղամարդը պետք է անպայման սափրի դեմքի մազերը, մինչդեռ, բեղերն ու մորուքը նաև կարող են դիտվել որպես տղամարդու իմաստության նշան և հպարտանալու առարկա: Ինչևէ, յուրաքանչյուր պատանու անձնական որոշումն է՝ սափրվել, թե ոչ: Ի վերջո, հարմարությունը և լավ ինքնազգացողությունն առավել կարևոր է:
Հաճախ աղջիկներին անհանգստացնում է մազակալումը անութափոսերում (թևատակերում), ոտքերին, ձեռքերին, երբեմն էլ դեմքին: Որոշ հիվանդությունների դեպքում աղջիկների մոտ կարող է նկատվել առատ մազակալում: Ցանկացած դեպքում մազերը հեռացնելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-մասնագետի հետ:
Մաշկի վիճակը
Կորյակներն ու պզուկները մեծ խնդիր են բազում դեռահասների համար, ուստի.
- հետևիր դեմքի և մարմնի մաշկի մաքրությանը: Օգտագործիր հատուկ գելեր, մեղմ օճառներ կամ հատուկ մաքրող լոսյոններ:
- Աշխատիր մաշկը չափից ավելի չչորացնել (այդ թվում, չարժե հրապուրվել արևայրուքով), հակառակ դեպքում մաշկը կկորցնի իր բնական պաշտպանիչ շերտը, ինչը կառաջացնի մաշկային այլ խնդիրներ:
- Եթե մաշկի խնդիրները շատ են անհանգստացնում, դիմի՛ր բժիշկ-մաշկաբանին:
Կոսմետիկա
Աղջիկներից շատերը համոզված են, որ առանց կոսմետիկայի անհնար է լինել գեղեցիկ: Սակայն հաճախ այն խոչընդոտում է կատարելության հասնելուն, հատկապես, երբ չարաշահվում է:
Ակտիվ շպարը երիտասարդ դեմքի վրա անպատշաճ ու անտեղի է դիտվում: Ցերեկվա ժամերին գուցե հարկավոր է խուսափել շպար օգտագործելուց, սակայն, եթե շպարվելու ցանկությունն այնուամենայնիվ անդիմադրելի է, նախընտրելի է օգտագործել աչքերի ստվերաներկի չեզոք գույներ կամ շուրթերի փայլ: Չէ՞ որ այժմ քո առավելությունն երիտասարդությունն ու բնական գեղեցկությունն է, որ բոլորովին պետք չէ թաքցնել: Դեկորատիվ կոսմետիկան մաշկի խնդիրների լուծման մեթոդ չէ:
Պետք է հիշել, որ ցանկացած շրթներկ, աչքերի մատիտ և այլ կոսմետիկ պարագա պետք է լինի անհատական օգտագործման: Որքան էլ ընկերուհուդ հարազատ համարես, միևնույն է, կոսմետիկ պարագաները չպետք է նրա հետ ընդհանուր օգտագործես:
Եթե կորյակների և պզուկների խնդրին արդեն առնչվել ես, ապա ընդունիր, որ ավելի լավ է զերծ մնալ տոնային քսուքներից (կամ օգտագործել հատուկ միջոցներ` խորհրդակցելով բժիշկ-դիմահարդարի հետ): Դրանք ոչ միայն չեն քողարկի մաշկի թերությունները, այլ ընդհակառակը՝ ավելի կընդգծեն, նաև կփակեն մաշկի ծակոտիները: 🙁
Եվ հիշիր, որ դեկորատիվ կոսմետիկայի օգտագործման հիմնական նպատակը սեփական արժանիքներն ընդգծելն է, ոչ թե նոր դեմք «նկարելը»: 🙂
Ներքնազգեստ
Ներքնազգեստի հարմարությունը և որակը ազդում են մեր ինքնազգացողության վրա: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի ներքնազգեստ, որը կպահպանի վերարտադրողական օրգանների առողջությունը:
- Երիտասարդ տղաներին խորհուրդ չի տրվում մշտապես լողավարտիք հագնել: Ավելի լավ է սովորական վարտիք հագնել, նախընտրելի է՝ բնական գործվածքից: Բացի այդ, այն չպետք է չափազանց ձիգ լինի:
- Աղջիկները չպետք է կրեն «ստրինգներ», քանի որ դրանք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Եթե դու, այնուամենայնիվ, նախընտրում ես «ստրինգ», ապա այն պետք է լինի բնական գործվածքից և անպայման ճիշտ չափսի (ոչ փոքր): Այն կարելի է կրել 6 ժամից ոչ ավել:
Շատ կարևոր է նաև հետևել կրծքագեղձերի հիգիենային, պարբերաբար կատարել կրծքագեղձերի ինքնազննում:
Հագուստ
Հագուստի թեմայով անվերջ կարելի է ծավալվել: Նորաձևության և գեղեցկության մասին յուրաքանչյուրս մեր սեփական պատկերացումներն ունենք: Այդուհանդերձ, կա մի կանոն, որ ճշմարիտ և ընդունելի է բոլոր դեպքերում. ինչ էլ հագնես, գեղեցիկ տեսք կունենաս, եթե քո հագուստը լվացած է, արդուկած, համապատասխանում է քո չափսերին, ընդգծում է քո արժանիքներն ու թաքցնում թերությունները:
Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ արժեք ունի հագուստդ: Նույնիսկ էժան, բայց ճաշակով ընտրված բլուզը կամ բաճկոնը կարող են շատ ավելի աչք շոյող ու դուրեկան լինել, քան թանկ դիզայներական, բայց անճաշակ ու աչք ծակող իրերը:
Ցանկալի է, որ հագուստը լինի բնական կտորից` բամբակյա, բրդյա, մետաքսյա, որոնք չեն քրտնացնում և հնարավորություն են տալիս մարմնին ազատ շնչել:
Որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ինչն է քեզ սազում, պետք է ձևավորես և զարգացնես սեփական ճաշակը: Դրա համար բավարար չէ պարզապես թերթել նորաձևության ամսագրերը: Իհարկե, դու հավանաբար ունես նմանակման քո օրինակները, որոնց ճաշակին վստահում ես և կատարյալ համարելով` ջանում ես նմանվել: Սակայն չարժե կուրորեն կրկնօրինակել այն ամենը, ինչ քո կուռքերն են անում և կրում: Սեփական ոճով ընտրված հագուստը քո անհատականության արտահայտման միջոցներից մեկն է, մինչդեռ ուրիշին կրկնօրինակելով` դու կորցնում ես քո անհատականությունը: 🙁
Եվ մի՛ վախեցիր սխալվել: Սեփական ոճը փնտրելիս բոլորն էլ կարող են սխալվել: Կարևորը դա ժամանակին նկատելն ու կանխելն է: 🙂
Քո քաշից ու տեսքից առավել կարևոր է քո ինքնազգացողությունն ու ներդաշնակությունը սեփական «ես»-ի հետ: Այնուհանդերձ, աշխատի՛ր, որ լավ ֆիզիկական վիճակի պահպանումն ու հիգիենան դառնան սովորական երևույթ: Միայն այդ դեպքում դու քեզ դուր կգաս հայելու մեջ, և ամեն անգամ հանրությանը ներկայանալը քեզ համար կվերածվի ոչ թե պատժի, այլ իսկական տոնի:
Նկարները հոդվածի համար մենք վերցրել ենք այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ: