Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը

Ինչո՞ւ են մարդկանց ատամները փչանում: Ի՞նչ կարելի է անել ատամների առողջությունը պահպանելու համար:

Հայտի է, որ բերանի խոռոչի պատշաճ հիգիենան կարևոր դեր է խաղում ինչպես ատամների, այնպես էլ տարբեր այլ հիվանդությունների կանխարգելման գործում: 

Բերանի խոռոչի հիգիենա նշանակում է մաքուր և առողջ պահել բերանը, ատամները, լնդերը և լեզուն` հիվանդությունները կանխելու համար: Առողջ ատամներ ունենալու հիմնական նախապայմանը պատշաճ խնամքն է տան պայմաններում և պարբերական կանխարգելիչ ստուգումները ատամնաբույժի մոտ:

Երեխաների և դեռահասների մոտ կարիեսի խնդիրը արդիական է ողջ աշխարհում, և հատկապես` զարգացող երկրներում: Պատճառները հիմնականում նույնն են, խոսենք դրանց մասին:

Քաղցրավենիքը՝ չարի՞ք.

Երեխաների ատամների խնդիրների գլխավոր պատճառներից մեկը քաղցրավենիքն է:

Կոնֆետների և քաղցրավենիքի չարաշահումը քայքայում են ատամները և հանգեցնում կարիեսի զարգացմանը: Երբեմն մենք չգիտենք այդ մասին կամ բավականաչափ նշանակություն չենք տալիս: Արդյունքում՝ փչացած ատամներ և կարիես 🙁

Բայց եթե ինքներս մեզ հարցնենք ատամների խնդիրների պատճառների մասին, հավանաբար կասենք, որ ամեն ինչում մեղավոր են «գեները»:

Գենետիկաթե՞ կենսակերպ.

Կարո՞ղ են արդյոք «գեները» իսկապես պատասխանատու լինել ատամների առողջության համար:

Ատամնաբույժները պնդում են, որ ժառանգականությունը, իհարկե, կարևոր դեր է խաղում մարդու առողջական վիճակի և մասնավորապես` ատամների առողջության գործում: Սակայն պակաս կարևոր դեր չունի նաև կենսակերպը. եթե անգամ մարդը ատամների հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն չունի, այդ հիվանդությունները, ամենայն հավանականությամբ, կառաջանան, եթե նա կանոնավոր կերպով չմաքրի ատամները և կանխարգելիչ զննումների համար չայցելի ատամնաբույժի: Եվ հակառակը. եթե մարդը կարիեսի և այլ հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց ուշադիր է իր ատամների հանդեպ և ճիշտ խնամում է դրանք, նրա մոտ կամ խնդիր չի լինի, կամ այն ժանանակին կբուժվի և չի խորանա:

Հետազոտությունը, որն անցկացրել են ամերիկացի գիտնականները, հաստատել է այս տեսակետը և ապացուցել, որ ատամների և լնդերի առողջությունը հիմնականում կախված է կենսակերպից և մարդու սննդակարգից, այլ ոչ` գեներից:

 

 

Ատամների համար վտանգավոր է ոչ այնքան ինքը շաքարը, որքան քաղցրավենիք ուտելուց հետո ատամները չմաքրելը: Հատկապես, եթե առանց ատամները մաքրելու պառկես քնելու, գիշերը սննդի մնացորդներով սնվող մանրէները կսկսեն քայքայել ատամների էմալը (թթուների առաջացման պատճառով): Հետևաբար, եթե դու չես կարող հրաժարվել քաղցրավենիքից, պետք է գոնե արմատավորես ուտելուց հետո բերանը ողողելու և ատամները լվանալու սովորույթը:

Անհրաժեշտ է նաև կանոնավոր օգտագործել ատամի թելեր` արանքները մաքրելու համար, և իհարկե` պարբերաբար այցելել ատամնաբույժի, եթե անգամ ոչ մի տեսանելի խնդիր չկա:

Չի՛ կարելի սննդի մնացորդները հեռացնելու համար օգտագործել սուր առարկաներ` վնասելով հյուսվածքները: Ի դեպ, մաստակները չեն կարող լիարժեք փոխարինել ատամները մաքրելուն, բացի այդ մաստակը երկարատև ծամելը վնասակար է ստամոքսի համար:

Վերջերս կարիեսի զարգացման մեջ մեծ դեր է հատկացվում հատուկ մանրէին (Streptococcus mutans), որով մարդիկ վարակվում են վաղ մանկական տարիքում: 

 

Բուժե՞լթե՞ չբուժել

Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխայի մոտ կարիես կա, պարտադիր չէ այն բուժել, քանի որ կաթնատամները վաղ թե ուշ կընկնեն: Սակայն  կարիեսից վնասված կաթնատամները դուրս են գալիս և ժամանակից շուտ փչանում, ինչի պատճառով հիմնական ատամներն արդեն անհամաչափ են զարգանում: Արդյունքում երեխաների մոտ թեք ատամներ են առաջանում, ավելին՝ երբեմն կաթնատամների չբուժված հիվանդությունները տարածվում են նաև հիմնականների վրա:

Ե՛վ երեխաների, և՛ մեծերի կարիեսը միանշանակ պետք է բուժել, ավելին՝ բուժումը չի կարելի հետաձգել. հակառակ դեպքում՝ ատամը հնարավոր չի լինի փրկել:

 

Այսպիսով, ատամների առողջության համար անհրաժեշտ է`

  • ճիշտ խնամել ատամները. կանոնավոր (օրական առնվազն 2 անգամ) խոզանակել` օգտագործելով ֆթոր պարունակող ատամի մածուկներ,
  • ռացիոնալ սնվել` օգտագործելով շատ հում բանջարեղեն և միրգ, կաթնամթերք,
  • չչարաշահել քացրավենիքը, այդ թվում` քաղցր ըմպելիքները,
  • խուսափել ատամների մեխանիկական և ջերմային վնասումից,
  • և իհարկե` կանոնավոր այցելել ատամնաբույժի: Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս գրեթե անցավ և արդյունավետ բուժել կարիեսը և ուղղել ատամնաշարի անկանոնությունները 🙂