Դպրոց-սպորտ- պարապմունք-տնային առաջադրանքներ` մեր օրը հագեցած է և կարծես թե զբաղված է ամեն րոպեն: Ե՞րբ և որտե՞ղ ծանոթանալ նոր մարդկանց հետ: Բնական է, այնտեղ, որտեղ անցկացնում ենք մեր ազատ ժամանակը` համացանցում: Բայց…
Վարդանը և Անահիտը ծանոթացել են սոց. ցանցում: Երկար հաղորդակցվել են, կիսվել են նախընտրած երգերով և զվարճալի նկարներով: Նրանք կարծես թե ունեին ընդհանուր հետաքրքրություններ: Անահիտը թվում էր հետաքրքիր աղջիկ` ստեղծագործում էր, նկարում, տեղյակ էր կինոաշխարհի վերջին նորություններից: Ըստ լուսանկարների նա նաև շատ գրավիչ և գեղեցիկ էր երևում: Վարդանի կարծիքով Անահիտը իդեալական օրիորդ էր, և որոշ ժամանակ հետո երիտասարդը հանդիպելու առաջարկ արեց: Հանդիպման օրը Վարդանը և Անահիտը միասին գնացին սրճարան: Սակայն Վարդանը տհաճ անակնկալի եկավ, առցանց Անահիտը լրիվ այլ մարդ էր: Անահիտը մի քանի անգամ նյարդայնորեն դուրս էր գալիս սեղանից` ծխելու նպատակով, զրույցի ընթացքում պարբերաբար օգտագործում էր օրիորդին այնքան էլ չսազացող բառեր, իսկ երեկոյի ավարտին սեփական «հասունությունը» ցույց տալու համար Վարդանին առաջարկեց խմել տեկիլա` նստելով մոտակա այգում: Վարդանը, բնականաբար, հրաժարվեց: Սակայն այժմ տղան ընդհանրապես խուսափում է առցանց ընկերություններից:
Ծանոթությունները և շփումը համացանցում` սոց. ցանցերում, ֆորումներում և տարբեր կայքերում չափազանց տարածված է: Դրանում չկա որևէ տարօրինակ կամ ոչ նորմալ բան, չէ՞ որ համացանցը համախոհներ, ընկերներ և նույնիսկ սիրած անձին գտնելու ամենահեշտ տարբերակներից է: Առցանց շփումների մեջ կան տարբեր տարիքի մարդիկ: Մի մասը ծանոթանում են հենց այնպես` շփվելու նպատակով, մյուսները նոր ծանոթություններ հաստատելու, միասին կինոթատրոն գնալու նպատակով: Երբեմն առցանց շփումները վերածվում են կայուն և իրական հարաբերությունների: Ոմանք ֆորումին նախընտրելի թեման քննարկելիս` գտնում են համախոհներին, այս եղանակով կարող են շփվել և սեփական փորձով կիսվել որևէ խնդիր կամ նույն հիվանդություն ունեցող մարդիկ, ոմանց համար տվյալ խմբի ծանոթը հետագայում դառնում է նաև սիրելի մարդ:
Սակայն ինչպես և իրական կյանքում, համացանցում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք ավելի մոտիկ ծանոթության դեպքում երևում են այլ կերպ` լրիվ տարբերվելով առցանց տպավորություններից: Իրական և պատկերացված մարդկանց միջև տարբերությունները հանդիպում են մեզ բոլորիս և բավականին հաճախ: Մարդկային շփումների այսպիսի հակասությունները, միանալով Համացանցի մեծ հնարավորություններին, առաջացրել են վտանգների մի նոր տարբերակ`առցանց շփման ռիսկեր: Փորձենք դրանք վերլուծել և հասկանալ:
Առաջին հերթին, դա այլ օգտատերերի կողմից վիրավորանքի և հետապնդման ենթարկվելու ռիսկն է:
Հնարավոր է, որ դու լսել ես համացանցում օգտատերերի հետապնդման, կիբերբռնության (cyberbulling) և տրոլինգի (trolling) մասին: Այս երկու հասկացությունները տարբերվում են, սակայն խոսքը գնում է նույն բանի մասին, երբ համացանցի մեկ օգտատերը հետապնդում է ուրիշին` վիրավորական, ագրեսիվ և վախացնող հաղորդագրություններ ուղարկելով նրան կամ ընդհանուր ծանոթներին: Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չատեր, սոց. ցանցեր, օնլայն մեսենջերներ, ֆորումներ, բլոգեր և ամեն ինչ, որտեղ հնարավոր է գրել մեկնաբանություններ:
Վիրտուալ շփում և հետապնդում` տրոլինգ. ինչպես խուսափել կռիվների մեջ ներքաշվելուց |
+> |
Հնարավոր է, դու լսել ես այնպիսի դեպքերի մասին, երբ անմեղ թվացող ընկերական կատակը կամ բռնության տեսարանը նկարահանվել է և տեղադրվել ցանցում, որից հետո ցուցադրված «հերոսն» արժանացել է բազմաթիվ վիրավորանքների, ծաղրանքի, սպառնալիքների: Արդյունքում այդ դեռահասը ստիպված է եղել փոխել դպրոցն ու շրջապատը: Երբեմն հետևանքները կարող են լինել ճակատագրական, առաջացնել ծանր հոգեբանական խնդիրներ և նույնիսկ բերել ինքնասպանության փորձի:
Հաճախ համացանցում «կռիվ գցողները» հետաքրքրված են լայն ճանաչման և հրապարակայնության մեջ: Նրանց համար միևնույն է` ու՞մ և ինչի՞ համար հետապնդել, և կարևորը գործընթացն է: Ուրեմն, եթե քեզ համացանցում կռվելու առիթ են տալիս անծանոթ մարդիկ, խնդիրը բոլորովին քո մեջ չէ, դիմիր տվյալ կայքի ադմինիստրատորին, գտիր համախոհներին և բարձրացրու աղմուկ կամ պարզապես արգելափակիր այդ օգտատերին:
Եթե դա չի օգնում, վիրավորանքները և սպառնալիքները շարունակվում են, ապա պետք է ասել ծնողներին կամ վստահելի մարդուն: Հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտություն կառաջանա դիմել իրավապահ մարմիններին: Չէ՞ որ հետապնդողներին հնարավոր է գտնել իրենց համակարգչի IP հասցեով, և շատ հավանական է, որ նրանք քո շրջապատից են:
Ահա թե ինչպիսին է համացանցային տրոլինգը կողքից դիտողի համար:
|
Երբեմն պատահում է, որ առցանց շփումով գործը չի սահմանափակվում, և քո հաղորդակիցը ամեն կերպ փորձում է քեզ ներքաշել հետագա հարաբերությունների մեջ: Հաճախ համացանցում մարդիկ չեն բացահայտում իրական անունները, տարիքը, զբաղմունքները, ստեղծելով այնպիսի պատկեր, որը շատ հեռու է իրականությունից: Իսկ թե ո՞վ կհայտնվի հնարամիտ, հասկացող և բարեհամբույր մարդու դիմակի տակից, կանխագուշակել դժվար է: Բազմաթիվ լավ մարդկանց մեջ կարող ես հանդիպել նաև նրանց, ով սովոր է չարաշահել ուրիշների վստահությունը սեփական շահերի համար: Ահա թե ինչու համացանցը քաշում է անօրինական շփում փնտրողներին:
Մասնագետները «անօրինական շփում» են կոչում մեծահասակի և անչափահասի «ընկերությունը» կամ շփումը, երբ մեծահասակը փորձում է համոզել երեխային սեռական կապերի մեջ մտնել կամ ներքաշում է հանցավոր գործունեության մեջ:
Դա կարող է լինել ուղղակի հետապնդում, համառ ձգտում` նկրտում, վիրավորանքներով, սպառնալիքներով, կոպիտ կատակներով և անպարկեշտ լուսանկարների ցուցադրմամբ: Տարածված է նաև ավելի «մեղմ» տարբերակը, երբ մեծահասակը շփվում է համացանցում անչափահասի հետ` ձևանալով նրա հասակակիցը, որպեսզի հաստատի մտերմիկ հարաբերություններ և հետագայում ունենա անձնական հանդիպում` առաջարկելով միասին գնալ կինո կամ սրճարան:
Հանցագործները սովորաբար լավ ճանաչում են երիտասարդների հոգեբանությունը և հնարամտորեն օգտագործում են դա իրենց շահերի համար: Շփվելով ընկճված վիճակում գտնվողների հետ, նրանք կարեկցում են, առաջարկում օգնություն, քննարկում են հուզող հարցերը` աստիճանաբար տանելով դեպի այլ հարթակ, իսկ հետո առաջարկում են անցնել իրական հարաբերությունների: Այսպիսի շփումը ուղղված է երիտասարդներին օրինազանց գործունեության կամ սեռական հարաբերությունների մեջ ներգրավմանը:
Եթե դու կամ քո ընկերներից մեկը հանդիպել եք նշված տհաճ հետապնդումների, անմիջապես պետք է դիմել վստահելի մեծահասակի օգնության: Հաճախ դա խնդիրը լուծելու միակ տարբերակն է:
Համացանցում արդյունավետ հաղորդակցվելու բոլոր գաղտնիքները բացահայտելու նպատակով համոզվիր, արդյո՞ք հետևում ես «անվտանգության 10 կանոններին»:
Հոդվածի գլխավոր նկարի հեղինակն է Will Macilwaine-ը: