Ի՞նչ է սպասվում իմ կյանքում դպրոցն ավարտելուց հետո
Դասընկերներ. ինչպե՞ս կառուցել հարաբերություններ
Կարող է պատահել այնպես, որ այն երիտասարդները, ովքեր քեզանից առաջ անցան ընդունելության ցուցակում, քո մոտ զայրույթ և նախանձ են առաջացնում: Բայց նրանք մեծ հավանականությամբ կսովորեն քո հետ մի կուրսում: Ուրեմն, անհրաժեշտ է փորձել կառուցել նրանց հետ լավ հարաբերություններ և գտնել շփման եզրեր:
Իհարկե, քո ապագա համակուրսեցիները քո նման երիտասարդներ են: Բնականաբար, նրանք էլ անհանգստանում էին ընդունելության քննությունների պատճառով, և չգիտեն, թե ինչպես կսկսվի իրենց նոր կյանքը ուսանողի կարգավիճակում: Դու կարող ես գտնել նրանց սոց. ցանցերում և կապ հաստատել: Միասին այդ դժվար ժամանակն անցնելն ավելի հեշտ է, իսկ առցանց շփումը կօգնի քեզ հետագայում լավ հարաբերություններ հաստատել նաև իրական կյանքում:
Կարող եք կազմակերպել ոչ ֆորմալ հանդիպում, օրինակ` հավաքվել սրճարանում կամ ակումբում, շփվել, միասին խաղալ սեղանային խաղեր, այցելել ցուցահանդես կամ թանգարան:
Նոր ծանոթները կարող են տարբերվել և իրենց պահել այլ կերպ` չնմանվելով քո դպրոցական ընկերներին: Բոլորովին պարտադիր չէ նրանց հետ ամեն ինչում համաձայնվել, ընդունել նրանց դրսևորած դիրքը` կարծելով, որ դա կօգնի ձեր շփման ընթացքում: Ամենաճիշտն այս պարագայում` ընդունել նրանց կարծիքը` որպես անձնական կարծիք: Եթե դուք դաստիարակվել եք շատ տարբեր ընտանիքներում և տարբեր շրջապատներում, ապրել եք տարբեր քաղաքներում կամ նույնիսկ երկրներում, տարբերություններ ունենալը լրիվ բնական և նորմալ է 🙂
Չնայած քո նոր ծանոթները կարող են լինել շատ տարբեր, բոլորին միավորում է մի բան` այն մասնագիտությունը, որը դուք միասին ուսանելու եք: Իսկ դրա հետ կապված են մի շարք ընդհանուր թեմաներ` զրույցների, կատակների, տարբեր իրադարձությունների, իսկ հետագայում նաև ձեր վառ հիշողությունների համար:
Եթե այնուամենայնիվ ունես շփման կամ շրջապատում ընդգրկվելու հետ դժվարություններ, կարդա «Շփման վարպետ» հոդվածը:
Ի՞նչ է այստեղ կատարվում
Տրամաբանական հարց է, որն իրենց տալիս են առաջին կուրսերի ուսանողները: Տարօրինակ թվացող դասացուցակ, տարբեր կաբինետներ, տարբեր մասնաշենքեր, գնահատման այլ համակարգ, նոր դասախոսներ… Տեղում այս ամենի մեջ կողմնորոշվել կօգնեն մեր խորհուրդները:
1.Ծանոթացիր ուսանողական կուրատորի կամ պատասխանատու այլ դասախոսի հետ: Եթե այդպիսին չկա ձեր դասախոսների մեջ, ապա կարող ես հարցեր ուղղել ավագ դասընկերներին, բարձր կուրսի ուսանողներին, քանի որ նրանք արդեն անցել են այդ դժվար փուլը և հավատա` մեծ ուրախությամբ կկիսվեն խորհուրդներով և սեփական փորձով 🙂
2. Մի՛ մոռացիր քո նախասիրությունների և հետաքրքրությունների մասին: Իմացիր, թե ինչ խմբակներ կան քո համալսարանում, մասնակցիր ուսանողական կյանքին և հանրային ակտիվություններին, առիթ ունենալու դեպքում` կոնֆերանսներին, սեմինարներին, փորձի փոխանակման ծրագրերին, նաև տարբեր կամավորական միջոցառումներին: Դա ոչ միայն ավելի հետաքրքիր կդարձնի քո ուսանողական կյանքը, այլ նաև թույլ կտա ձեռք բերել շատ օգտակար և կարևոր փորձ: Այդ փորձը քեզ միանշանակ կօգնի քո հետագա կյանքում, օրինակ` սեփական բիզնեսի ստեղծման կամ աշխատանք գտնելու համար, քանի որ բոլոր գործատուները շատ են գնահատում բազմակողմանի զարգացած և փորձ ունեցող անձանց:
3. Շատ մի՛ մտահոգվիր գնահատականների պատճառով: Այո՛, դրանք կարևոր են, և լավ սովորելը միանշանակ կօգնի հասնել կյանքի որոշ նպատակներին, բայց պետք չէ խիստ վախենալ քննություններից և հուզվել ամեն մի բալի պատճառով: Պարտադիր գտիր ժամանակ ինքդ քեզ համար, մի՛ մոռացիր նորմալ սնվել, քնել և հաճախ զանգել ծնողներիդ, եթե սովորում ես այլ քաղաքում: Չէ՞ որ նրանք շատ անհանգստանում են քո համար:
Երբեմն ասում են, որ առաջին կուրսեցուն անվանում են ուսանող միայն մինչև առաջին քննաշրջանը, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ: Հենց մենք փաստաթղթերով մտնում ենք ԲՈՒՀ, մեր Alma mater, մեր առջև բացվում են շատ հնարավորություններ և լավ ապագայի հեռանկարներ: Եվ դրանց հետ միասին սկսվում է քո կյանքի նոր և միանշանակ անմոռանալի մի փուլ: 🙂
Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին, gif-անիմացիայի համար` այս:
Հոդվածի կազմող` Սվետլանա Վերտոլա: