Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Համալսարան

Ես ցանկանում եմ ընդունվել համալսարան,սակայն պարապմունքների գումարը շատ է ամեն առարկան 40հազարից սկսած։ Մտածում եմ ես արժանի չեմ որ ծնողներս իմ պատճառով այդքան գումար ծախսեն ,չնայած քույրս ամենաբարձր բուհում է սովորում,բոլոր ընկերներս պարապում են,որ ընդունվեն։ Անկեղծ ասած միշտ ինձ ցածր են դասել ու հասկացրել են ,որ քրոջդ հետ մի համեմատվի ինքը պետքա ընդունվեր ու ամենաբարձր բուհը,պետք ա սովորել,իսկ իմ դեպքում շատ են նեղացրել։Ինչ խորհուրդ կտաք խնդրեմ պարապեմ, ընդունվեմ?թե ինձ մեղավոր ու վատ կզգամ ամեն անգամ։Մեծ երազանքներ ունեմ բայց թևերս կտրել են ու մտածում եմ անարժան եմ,բայց չէ կարելի ա ասել խեղճ եմ միշտ գլուխս կախ ու խոնարհ։ԵՒ ինչ անեմ թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար։Տանը միշտ լարված իրավիճակ է կռիվներ և այլն

Պատասխան

Ողջույն, Լիանա, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Նախ պետք է նշել, որ ամեն մարդ արժանի է և կարևոր, անկախ նրա արտաքին տեսքից, ընդունակություններից և առողջական վիճակից, և երբեք պետք չէ ինքդ քեզ թերագնահատել և կոմպլեքսավորվել, նույնիսկ եթե քո քույրը քեզանից ավելի ընդունակ է: Եվ ընտանիքում ևս բոլոր երեխաները հավասար են և հավասարապես սիրված, նույնիսկ եթե պատահում է, որ ծնողները այս կամ հարցերում նախապատվությունը կարող են տալ մյուս երեխային կամ երբեմն լեզու չգտնել: Հասկանում եմ, որ դու վիրավորված ես զգում, բայց պետք չէ այսպես բացասական տրամադրվել, այլ` փորձել գտնել լուծումներ:

Մեկ այլ նկատառում. ապագա մասնագիտությունը և կրթական հաստատությունը ընտրելիս պետք է հաշվի առնել շատ հանգամանքներ, և պարտադիր` երիտասարդի նախասիրությունները և ընդունակությունները: Լավ մտածիր այդ հարցի վերաբերյալ, խորհրդակցիր ուսուցիչներիդ, քեզ ճանաչող մարդկանց հետ:

Պարտադիր պետք է հանգիստ զրուզել ծնողներիդ հետ, առանց վիճելու միասին քննարկել քո ապագա պլանները, քո ցանկալի մասնագիտությունը, բուհը կամ ուսումնարանը, և նպատակին հասնելու հնարավոր ուղիները, թե ինչպես կարող ես լավ պատրաստվել քննություններին: Դասախոսի մոտ պարապելը, այո, կարևոր է, բայց դա ինքնանպատակ չէ և բավարար չէ. դու նաև պետք է շատ ջանքեր գործադրես ինքնուրույն պարապելով, քո ուսուցիչների, պարապող ընկերների, քրոջդ հետ խորհրդակցելով, նրանցից ուղղություն և խորհուրդներ հարցնելով, համացանցից տարբեր ուսումնական նյութեր հայթայթելով և ուսումնասիրելով, ընկերներից խնդրիր կիսվել ուսումնական նյութերով, հարցրու նրանց փորձի մասին:  Եթե ծնողներդ տեսնեն և համոզվեն, որ դու ունես մեծ  ձգտում սովորելու, շատ լուրջ ես վերաբերվում այդ հարցին, պատրաստ ես գնալ որոշակի զիջումների հանուն քո նպատակի, ապա նրանք ևս ավելի հեշտ կընդունեն այդ որոշումը և ավելի մեծ պատրաստակամությամբ կփորձեն գտնել գումարը: Ուրեմն, փորձիր համոզել ծնողներիդ, որ այդ պարապմունքները քեզ իրոք անհրաժեշտ են, որ առանց դրա դու չես կարող հասնել քո նպատակին և հանուն դրա պատրաստ ես, օրինակ` հրաժարվել  քո այս կամ այն զբաղմունքներից կամ օրինակ` քո գրպանի  գումարների մեծ մասից:

Հաջողություն ենք ցանկանում: