Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

մտքերի դասավորվածություն

Բարև ձեզ, ես 16 տարեկան եմ: Երբեմն ինձ թվում է, որ ներսումս քաոս է տիրում, ինքս ինձ չեմ հասկանում: Երբեմն էլ թվում է թե ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ կարգավորված է: Ու այս զգացումները շատ շուտ են մեկը մյուսին փոխարինում: Ցանկանում եմ լինել ավելի ուրախ, քիչ մտածել այն ամենի մասին, ինչն ինձ ցավ է պատճառում: Վերջերս սիրածս տղայից բաժանվեցի, որովհետև նա կարծում էր թե նա միշտ ճիշտ է, չէր ընդունում իր սխալները… և ես հասկացա, որ եթե հիմա նա չի կարող ընդունել, հասկանալ իր սխալները, հետո ընդհանրապես կյանքս կխառնվի… ես գիտեմ որ ես եմ ճիշտ, ես գիտեմ որ իմ կողքին ավելի հասուն մեկն է պետք… չեմ կարծում թե սեր է զգացածս, բայց իրեն ուրիշի հետ պատկերացնելից չգիտեմ ինչ վատ բաներ եմ զգում, խանդ և այլն…
Ինչպես ազատվեմ էդ զգացումից, ինչպես առաջ շարժվեմ…
Նախապես շնորհակալ եմ))

Պատասխան

Ողջույն,

Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Քո ներքին զգացումները և անհանգստությունը լրիվ հասկանալի են և բնորոշ են քո տարիքի դեռահասներին և երիտասարդներին: Նաև դու հոգեբանորեն ավելի հասուն ես դառնում, վերլուծում ես տարատեսակ տեղեկատվություն և չես կարող չարձագանքել շրջապատի տարբեր, հաճախ նեգատիվ իրադարձություններին: Դա նորմալ է, ուղղակի փորձիր հանգիստ ընդունել նման մտքերը և ապրումները` առանց ինքդ քեզ մեղադրելու և լրացուցիչ ցավ պատճառելու: Սովորիր ապրել համերաշխության մեջ քո ներքին աշխարհի հետ, դա շատ կհեշտացնի քո կյանքը: Աշխատիր ժամանակ հատկացնել ինքդ քեզ համար, գտնել քեզ հաճույք պատճառող և հանգստություն պարգևող զբաղմունքներ:

Ինչ վերաբերում է այդ տղայից բաժանվելուն, քո զգացմունքները լրիվ հասկանալի են: Եթե դու, քեզ համարելով ավելի հասուն անձնավորություն, որոշեցիր բաժանվել նրանից, քանի որ չէիր ընդունում նրա թերությունները և սխալները, ուրեմն դա քո գիտակցված որոշումն էր: Դու դեռ շատ երիտասարդ ես և կհանդիպես քեզ հասկացող և քեզ համապատասխանող տղայի: Իսկ նման խանդը բնորոշ է շատ մարդկանց, չէ որ մարդիկ մեծամասամբ օժտված են սեփականատիրության զգացումով և դժվարությամբ են բաժանվում իրենց պատկանող բաներից, այդ թվում և նախկին զուգընկերներից: :-) Բայց փորձիր ազատվել այդ տղայի մասին մտքերից, ազատություն տուր այդ տղային և ինքդ քեզ և փորձիր ապրել նոր կյանքով, որտեղ կհայտնվեն նոր, հետաքրքիր ծանոթություններ և գուցե` նոր սեր:

Հաջողություն ենք ցանկանում: