Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Խնդիրներն ու ընկերները

Բարև Ձեզ։ Հարցս էսպիսին է.
18 տարեկան եմ։ Միշտ նոր մարդկանց հանդիպելիս տպավորություն է թե ոչ ոք խնդիրներ չունի, բոլորն իդեալական են, բայց մի փոքր նրանց հետ մոտիկանալուց հետո հասկանում ես որ նրանք ունեն այնպիսի խնդիրներ որոնց մասին չես էլ պատկերացրել։ Հասկանում եք, չէ՞, հին ու շաատ մոտ ընկերների հետ կիսվելը, զրուցելը հեշտ է, նրանք մեր մի մասն են, զրուցելիս չենք էլ հասկանում երբ մեկիս խնդրից անցանք մյուսին ու հակառակը.. իսկ ինչպե՞ս շփվել մարդկանց հետ, երբ չես ուզում ոչ կարծիքդ նրանց վզին փաթաթել անտեղի խորհուրդներով, ոչ չլսելու տպավորություն թողնել, ոչ խնդիրների արկղ դառնալ։ Միգուցե ուղղակի շփվել միայն հարազատ մարդկանց հե՞տ ու նոր ընկերների հազարից մեկ հանդիպել, թե՞ նման խնդիրները հարթելու ավելի լավ ձևեր կան)))

Պատասխան

Ողջույն, Ջորջ, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Դու հետաքրքիր հարց ես տալիս, և մասամբ ինքդ ես պատասխանում:

Իհարկե, նոր մարդկանց հետ շփվել պետք է: Բնականաբար պետք չէ անծանոթ մարդկանց տալ խորհուրդներ, եթե նրանք քեզ չեն դիմում խնդրանքով: Եթե դու անտարբեր կամ անուշադիր լինես քո հետ խնդիրներով կիսվող մարդկանց հետ, նրանց աչքերին ոչ քաղաքավարի և անտարբեր անձնավորություն կերեվաս, իսկ դա բոլորովին էլ լավ չէ մարդկանց հետ նորմալ հաղորդակցվելու համար:

Ուրեմն, շփվիր մարդկանց հետ, աշխատիր լինել բարեհամբույր, զրույցի ժամանակ փորձիր լսել ուրիշներին, մարմնի դիրքով, միմիկայով արտահայտիր ուշադրությունդ, կարճ, չպարտադրող մեկնաբանություններ արա, բայց, իհարկե, թույլ մի տուր, որ ուրիշները իրենց խնդիրներով քեզ խիստ մտահոգեն, հոգնեցնեն կամ ժամանակդ վատնեն: Բնականաբար, եթե մարդը քեզ համար կարևոր է, ճիշտ է լսել նրա խնդիրների մասին և փորձել օգնել, գոնե լսելով և կարեկցելով:

Դու միշտ կարող ես կանգնեցնել զրուցակցիդ, մեղմ միջամտելով, ժպտալով և ներողություն խնդրելով` ավարտել զրույցը: