Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

շփման պակաս

ես 15 տարեկան եմ և իմ կյանքի 15տարիների ընթացքում 15անգամ էլ չեմ տեսել հորս անկեղծ ես նույնիսկ ուրախ եմ ըստ ինձ նա հայր կոչվելու իրավունք չունի ծնողներս ամուսնալուծված են և այդ պատճառով իմ մայրն իմ համար հայրել է եղել և հիմա նա վախենում է ինձ համար և իմ կյանքի բոլոր որոշումները կայացնում է նա և դա ինձ դուր չի գալիս ես հասկանում եմ ,որ նա դա անում է իմ համար և ինձ սիրելով ,բայց դա հասել է նրան ,որ նա ինձ ստիպում է դառնալ ծրագրավորող նույնիսկ ընդունելության հայտ է ներկայացրել Ե.Ի.Պ.Ք. ծրագրավորման ֆակուլտետ։Նա ինձանից պահանջում է ավելին քան ես կարող եմ ամենինչ հասել է նրան ,որ ես տանը նույնիսկ ճաշ եմ եփում հատակը մաքրում և այլ տնային գործեր կատարում։Ես բնավորությամբ բավականին փակ մարդ եմ չեմ կարողանում շփվել մարդկանց հետ և չունեմ ընկեր ու հետ կարող եմ կիսվել այս թեմայով։Անկեղծ ես նույնիսկ վախենում եմ տարեկիցներիս հետ շփվելուց ես չգիտեմ ինչ թեմայից զրուցեմ և կամ ինչպես շփվեմ։Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում։

Պատասխան

Ողջույն, Էդգար, Շնորհակալություն, որ գրեցիր մեզ:

Մենք հասկանում ենք քո վրդովմունքը և ստեղծված իրավիճակը:

Նախ սկսենք հոր հետ չշփվելուց: Այո, այդպես պատահում է բավականին շատ ընտանիքներում, նույնիսկ` չզարմանաս, այն ընտանիքներում, որտեղ փաստացի հայրը առկա է, բայց նա գրեթե չի մասնակցում երեխաների դաստիարակությանը կամ անընդհատ բացակայում է (օրինակ`արտագնա աշխատանքի է): Ուրեմն, եթե ստացվել է այնպես, ինչպես ստացվել է, ինչ կարող ես փոխել (բացի մայրիկիդ համար լավ մարդ և կյանքի ընկեր գտնելուց), դա բոլորովին չի նշանակում, որ դու ուրիշներից պակաս ես, առավել ևս, որ ունես շատ հոգատար մայր: Երբեք մի կոնպլեքսավորվիր այդ պատճառով, ինքդ գիտես, որ  ժամանակակից ընտանիքները շատ տարբեր են լինում: Այն, որ դու անում ես տան որոշ գործեր, դա ոչ թե խնդիր է, այլ առավելություն, քանի որ տղաների մի մասը շատ անօգնական են այդ հարցում և կախված են կանանցից, նամանավանդ, որ դրանով դու նաև օգնում ես մայրիկիդ, ինչը շատ լավ է: Ուրեմն մի տարվիր գենդերային խտրականությամբ և դրանից մի նեղվիր:

Դու գրում ես, որ չունես ընկերներ. փորձիր վերլուծել, թե որն է դրա պատճառը, գուցե մի բան պետք է ձգտես փոխել քո մեջ, քո վերաբերմունքի, պահվածքի, գուցե դու շատ փակ ես և չես թողնում դեպի քեզ ուրիշ մարդկանց` ակամայից վանելով: Մտածիր այդ մասին, գուցե մեր կայքի հոդվածքները քեզ կօգնեն դառնալ ավելի շփվող:

Ինչ վերաբերում է քո ապագա մասնագիտության ընտրությանը և մորդ` քո փոխարեն որոշումներ կայացնելուն և գերխնամքին, այո, այստեղ կա որոշակի խնդիր, որը միասին կարող եք քննարկել և լուծել: Դեռահասության տարիքում ծնողները դեռ համարում են իրենց երեխաներին երեխա և շարունակում են գերխնամքը: Դա մեծ մասի մոտ է: Միայն որոշ ժամանակ անց, աստիճանաբար, տեսնելով, որ «երեխան» արդեն կարողանում է որոշ ինքնուրույն գործեր անել և հասուն որոշումներ ընդունել, դժվարությամբ, բայց փոխում են իրենց վերաբերմունքը: Ցույց տուր մայրիկիդ, որ դու ընդունակ ես գործել ինքնուրույն և որոշ հոգսեր վերցնել քեզ վրա: Ապացուցիր, որ կարող ես ճիշտ որոշումներ կայացնել: Անկեղծ խոսեք քո ապագայի մասին, քննարկեք նախասիրությունները, նախընտրած առարկաները և ընդունակությունները, ուժեղ և թույլ կողմերը, գուցե դիմիր քեզ ճանաչով ուսուցիչների օգնության` մասնագիտական կողմնորոշման համար: Բերելով հստակ փաստարկներ և միասին վերլուծելով տարբեր հնարավորություններ, կարող եք կատարել ճիշտ ընտրություն, որին կհամաձայնվի նաև մայրդ: Փորձիր հասկանալ նրան, նա ցանկանում է քո համար ամենալավը, տեսնում է, որ ծրագրավորումը պահանջված մասնագիտություն է և ձգտում է ճիշտ որոշում կայացնել քո փոխարեն: Հասկացրու մայրիկիդ, որ դա պետք է լինի քո սեփական որոշումը, քանի որ խոսքը գնում է քո ապագայի մասին և փորձիր ապացույցներով համոզել, թե որ տարբերակն է նախընտրելի հենց քո համար և ինչու:

Հաջողություն ենք ցանկանում: Եթե ունենաս հարցեր, գրիր մեզ: