Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Ալարկոտություն

Բարև ձեզ.
Ինչպե՞ս հաղթահարել ալարկոտությունն ու լրացնել մոտիվացիայի պակասը։ Շատ մեծ խնդիր են սմարթֆոնն ու համակարգիչը, որոնցից, խոստովանում եմ, դժվար է կտրվելը։

Պատասխան

Ողջույն, Տիգրան, շնորհակալությւոն, որ գրեցիր:

Բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են ալարկոտության պահեր, երբ ուզում ես միայն նստել կամ պառկել և նայել հեռուստացույց կամ զբաղվել հեռախոսով: Բայց դա կարելի է թույլ տալ հազվադեպ և չդարձնել վատ սովորություն: Երբ պետք է գնաս դասի կամ աշխատանքի, դու քեզ ստիպում ես  շարժվել, քանի որ պետք է: Իսկ արձակուրդներին ալարկոտանում ես, հատկապես, եթե չունես զբաղմունք... Իհարկե, պետք է կամքի ուժ դրսևորել: Հաստատ նկատած կլինես, որ ինչքան երկար ես անգործ մնում և ալարկոտությանդ տեղի տալիս, այնքան շատ է այն խորանում:

ՈՒրեմն, ստիպիր քեզ գործել, մի բանով զբաղվել: Զանգիր ընկերներիդ կամ ընտանիքի անդամների հետ միասին նախաձեռնեք մի բան, օրինակ` սկսիր զբաղվել սպորտով կամ գրանցվիր որևէ խմբակ, մի օգտակար բան պատրաստիր ինքդ, քո ձեռքերով կամ գտիր այլ հետաքրքիր և օգտակար զբաղմունք, որն ամենաշատն է քեզ դուր գալիս: Հիմա, արձակուրդներին, լավ ժամանակն է: Կարող ես գրանցվել լողավազան, յոգայի, լուսանկարչական կամ համակարգչային ծրագրի խմբակ, միացիր արշավախմբին կամ սկսիր պարզապես առավոտյան վազել: Եթե ունենաս համախոհներ, ամեն ինչ ավելի հեշտ կստացվի, իրար կմոտիվացնեք: Կարող եք միասին նախաձեռնել մի հետաքրքիր գործ` օրինակ օգնել ինչ-որ մեկին կամ հանրօգուտ բան անել: Եթե սկզբից մի 2-3 անգամ քեզ ստիպելով կանես, հետո դա կդառնա սովորական մի բան, և առանց հետաքրքիր զբաղմունքի արդեն կձանձրանաս և միշտ կձգտես ակտիվ լինել:

Եվ անպայման գովիր իքնդ քեզ, որ կարողացար հաղթահարել ալարկոտությունը: Հաջողություններդ կարող ես գրանցել օրագրում կամ սոց.ցանցում, հաստատ լիքը լայքեր և հետևորդներ կունենաս, դա քեզ էլ ավելի կմոտիվացնի :-)