Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Իսկ դու սիրո՞ւմ ես ռիսկի դիմել

Ինչո՞ւ են մարդիկ ռիսկի դիմում: Եթե ռիսկային քայլից հետո ամեն ինչ հաջող ավարտվեց, դու վնասվածք չստացար, օգուտը ակնհայտ է` ադրենալինի պոռթքում: Մեկ այլ օգտակար հետևանք` արկածների մասին լավ հուշեր: Սակայն, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ…

Արկածախնդրության և ոչ ադեկվատ ռիսկային վարքագծի միջև սահմանը վնասի բացակայությունն է ինչպես քո, այնպես էլ ուրիշների համար, վնասի, որ հղի է կյանքի համար վտանգավոր հետևանքներով: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, դեռահասության տարիքում այդ սահմանը ջնջվում է: Պատճառը զարգացող ուղեղում տեղի ունեցող հատուկ նեյրոֆիզիոլոգիական գործընթացներն են:

Եվ իսկապես, ինչո՞ւ են մարդիկ ռիսկի դիմում:

Երբեմն չգիտակցված ռիսկային վարքագիծը կապում են բնական ընտրության հետ. խիզախ և իրենց նպատակին հասնող անհատները հանդիսանում են առավել հրապուրիչ ցեղի շարունակման համար: Տրամաբանությունը պարզ է. նա, ով չի վախենում ռիսկի դիմել, չի վախենա նաև ռեսուրսների համար պայքարից և հաջողության կհասնի:

Սակայն նման մոտեցումը սխալ է: Ռիսկային վարքագիծը կապված է ոչ թե ռեսուրսներին տիրանալով` բնական պահանջները բավարարելու, այլ կոնկրետ պահին օգուտ ստանալու, այն է` էյֆորիայի զգացողությունը վերապրելու պահանջի հետ: Այդ զգացողությունն առաջանում է ուղեղում հատուկ նյութի` դոֆամինի արտանետման արդյունքում, որն էլ ազդում է ուղեղի հաճույքի կենտրոնների վրա: Ի դեպ, աշխատում է և հակառակ գործընթացը. հետազոտությունները ցույց են տվել, որ դոֆամինի մակարդակի արհեստական բարձրացման հետևանքով (որոշակի դեղորայքի ընդունում) մարդիկ սկսում են ավելի ռիսկային վարքագիծ դրսևորել:

Իհարկե, եթե «խիզախ» երիտասարդներն իրենց մշտապես ցույց են տալիս ընկերների շրջապատում,  որոշ անձանց աչքերում կարող են ավելի գրավիչ երևալ: Սակայն, սա ռիսկի դիմելու կողմնակի ազդեցությունն է: Իսկ բնական առաջընթացի տեսակետից նման վարքագիծը չի աշխատում, քանի որ բոլորովին օգտակար չէ: 🙁

Ինչպես գրել է հայտնի նեյրոկենսաբան Ռոբերտ Սապոլսկին. «բոլոր կենդանի օրգանիզմները ձգտում են սերունդ թողնել և պատճենահանել իրենց գեները: Սակայն դեռահասության տարիքում, երբ ռիսկային վարքագծի դիմելը շատ բնարոշ է, օրգանիզմն ունի ավելի բարձր շանսեր կործանվելու, քան թե անվնաս մնալու և հետագայում սերունդ թողնելու»:

Մի խոսքով, մարդու համար ռիսկային վարքագիծն ավելի շուտ ծրագրային սխալ է: Մարդիկ իրենց կյանքի ընթացքում սովորում են տրիապետալ սեփական մարմնին և հույզերին, վերահսկել սեփական վարքագիծը` մտածելով իրենց «խիզախ» քայլերի հետևանքների մասին և հասկանում են, թե ինչպես չանցնել անվտանգության սահմանը: Այնուամենայնիվ, դեռահասության տարիքում վերահսկել սեփական ուղեղի կենսաքիմիան բավականին դժվար է:

Ի՞նչ է տեղի ունենում ուղեղի հետ մեծանալու ընթացքում:

Մեր բոլոր գործողությունները, հմտությունները և սովորած կանոնները պահպանվում են մեր ուղեղում նեյրոնների միջև հատուկ կապերի շնորհիվ (սինապտիկ կապեր):

Երբ երեխան ծնվում է, նրա ուղեղում արագ ավելանում են նեյրոնների միջև կապերը: Ապացուցվել է, որ ամեն վայրկյան առաջանում է մինչև 1 մլն. նոր կապեր: Այդ գործընթացը շարունակվում է միջինում մինչև 11-12 տարեկան: Այդ տարիքից հետո նեյրոնների միջև կապերի թիվն սկսում է պակասել: Սակայն դա չի նշանակում, որ մարդը կորցնում է իր խելքը: 🙂 Հակառակը, տեղի է ունենում այդ նեյրոնային կապերի օպտիմալացում, պարզ ասած`ուղեղի կառուցվածքի և գործընթացների կարգավորում:

Օրինակ, 3-4 տ. երեխան մատիտով գիծ գծելու համար օգտագործում է հազարավոր նեյրոնային կապեր, հասուն մարդու ուղեղն նույն առաջադրանքի համար օգտագործում է շուրջ 3 անգամ քիչ սինապտիկ կապեր: 

Մեր փորձը օգնում է մեզ կարգավորել մեր ուղեղի գործընթացներն այնպես, որ պարզ խնդիրների լուծման համար օգտագործվում է ամենակարճ և օպտիմալ ճանապարհը` մինիմալ քանակով նեյրոնային կապեր գործի դնելով:

Ստացվում է, որ դեռահասության տարիքում ուղեղի օպտիմալացման շնորհիվ մարդը պետք է դառնա ավելի խելացի և կարողանա արդյունավետորեն գնահատել սեփական գործողությունների բոլոր հետևանքները: Սակայն ուսումնասիրությունները պնդում են հակառակը. դեռահասության տարիքում տեղի է ունենում ուղեղի տարբեր հատվածների անհամաչափ զարգացում, և առաջանում է ժամանակավոր ճեղքվածք նեյրոնային կապերի միջև:

Պարզվել է, որ հուզական ոլորտին վերաբերող ուղեղի հատվածները (գրավչության գնահատում, սեփական կերպարի և ուրիշների գնահատում) ակտիվորեն սկսում են զարգանալ հենց հասունացման շրջանում: Իսկ այն հատվածները, որ պատասխանատու են կոգնիտիվ վերահսկման համար (գործողությունների պլանավորում, ուշադրության մտածված կենտրոնացում, որոշումների ընդունում և ընտրության իմաստավորում) զարգանում են ուշ դեռահասության շրջանում:

Ուղեղի այդ հատվածների միջև նեյրոնային կապերը հաստատվում են փորձելու և սխալվելու մեթոդի միջոցով: Դեռահասության տարիքում մարդու ուղեղը կարելի է նմանեցնել ավտոմեքենայի հետ, որ փորձում է վարել անփորձ վարորդը:

Նաև այդ տարիքում ավելանում են լիմբիկ համակարգի (հաճույքի զգացողության համար պատասխանատու ուղեղի հատվածներ) և վերը նշված սոցիալական-հուզական տեղեկատվության մշակման համար պատասխանատու հատվածների միջև նեյրոնային կապերը:

Ուրեմն,  զարմանալի չէ, որ դեռահասները ձգտում են արկածների և հաճույքների, հատկապես ընկերների շրջապատում: Եվ հաճախ դա իրոք կյանքի համար վտանգավոր գործողություններ են, քանի որ իրավիճակի ադեկվատ գնահատման և վերահսկման համար պատասխանատու հատվածները դեռևս չեն մասնակցում երիտասարդի վարքագծի կառավարմանը: 🙁

 

Ուրեմն ի՞նչ, ինքնակառավարումը լրիվ բացակայո՞ւմ է:

 

 

Վերահսկման և կառավարման համակարգի անհասությունը բոլորովին չի նշանակում, որ մարդը գտնվում է զոմբիի կարգավիճակում: Բնականաբար, դեռահասները հասկանում են ռիսկային և պատասխանատու վարքագծերի միջև տարբերությունը: Մասնագետները նշում են, որ դեռահասները կարող են ամեն ինչ իմանալ թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի վնասների մասին, սակայն որոշակի պահերին, միևնույնը, կարող են փորձել: Փաստորեն դեռահասը, կախված իրավիճակից, կարող է գտնվել ավելի սթափ, թեթև հուզական վիճակում, երբ կատարում է ավելի ռացիոնալ և հիմնավորած ընտրություն: Սակայն կարող է գտնվել արտահայտված հոգեհուզական գրգռվածության վիճակում, երբ շատ ակտիվ են հուզական ոլորտի համար պատասխանատու հատվածները: Հենց այդ պահերին մարդը չի նկատում անվտանգության սահմանները և ռիսկի է դիմում:

Վերը նշված հոգեհուզական պատասխանների հավասարակշռությունը կոչվում է հոգեսոցիալական հասունություն: Իսկ հոգեսոցիալական անհասության վիճակը նկարագրվում է մի շարք հատկանիշներով, որոնց թվում ռիսկային վարքագիծն է:

Բացի այդ, բնորոշ են նաև.

  • տագնապը և անհանգստությունը,
  • որոշումներ կայացնելիս իմպուլսիվությունը,
  • «այսօր և հիմա» օգուտ ստանալու ցանկությունը,
  • հաճույքից հրաժարվելու անկարողությունը,
  • շրջապատի ճնշմանն երնթարկվելու հակումը,
  • սեփական ընտրության հետևանքները հաշվարկելու անկարողությունը:

Հետազոտությունները փաստում են, որ 12-ից մինչև 17 տարեկան հասակում մարդիկ հոգեսոցիալական առումով ավելի անհաս են, համեմատած 18-23 տարեկանների հետ: Իսկ վերջիններս իրենց հերթին զիջում են 24-25 տարեկաններին: 🙂

 

 

Անվտանգության սահմանները որոշելու համար պահանջվում է օգնություն:

Որոշ դեռահասներ հրաժարվում են լսել իրենց ծնողների խորհուրդները, թե ինչպես իրենց պահել` հետևանքներից խուսափելու համար: Նման ռեակցիան հասկանալի է, հատկապես երբ մեծահասակները իրենց խորհուրդները տալիս են քարոզի, խրատների, գերխնամքի և վերահսկման ձևաչափով: Չէ՞ որ հասունացման փուլում դեռահասը չափազանց զգայուն է շրջապատի ճնշման նկատմամբ և հաճախ դիմադրում է և հակառակվում:

Այնուամենայնիվ, վստահելի մեծահասակի խոսքը և խորհուրդը կարող է դառնալ վճռորոշ վտանգի կամ բարդ ընտրության պահին ճիշտ որոշումներ կայացնելու համար, այսինքն այն ժամանակ, երբ հույզերը գերակշռում են և լռեցնում բանականությանը:

Ամենակարևոր կանոնը նման իրավիճակներում. մի պահ կանգ առնել և մտածել` թույլ տալով ուղեղի կշռադատված որոշումների և վերահսկողության համար պատասխանատու հատվածներին միջամտելու: Իսկ երբ բոլոր հետևանքները հաշվի առնված են, ավելի մեծ հավանականությամբ արկածները չեն վտանգի քո կյանքը և կթողնեն հաճելի և դրական տպավորություններ:

 

Բնականաբար, բոլոր մարդիկ սովորում են սխալների վրա, սեփական փորձը, հաջողությունները և ձախողումները, ինչպես նաև ծնողների ճիշտ դիրքորոշումը օգնում են երիտասարդ ուղեղին արդյունավետորեն օպտիմալացնել հույզերի և վերահսկողական հատվածների միջև կապերը:

Ինչևէ, պետք չէ մոռանալ, որ իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա: 🙂

 

Աղբյուր`https://ology.sh/healthygrowth/ostorozhnozonariska/